Երվանդ Մաթևոսի Գասպարյանը ծնվել է 1924թ. Հունաստանում: 1 տարի անց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Հաճախել է Արտաշատի շրջանի Յուվայի (այժմ` Շահումյան) յոթնամյա դպրոցը, ապա կրթությունը շարունակել է Արտաշատի մանկավարժական տեխնիկումում: Մեծ հայրենականի սկսվելուն պես Եր. Գասպարյանը մեկնել է ծառայության և զորացրվել` պատերազմն ավարտվելուց հետո` 1945թվականին: Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը:
Աշխատանքային գործունեությունը Եր. Գասպարյանը սկսել է Կիրովի անվան սովխոզի (այժմ` Տափերական) դպրոցում և ավելի քան 50 տարի հավատարիմ է մնացել մանկավարժի վեհ կոչմանը: Նույն դպրոցում աշխատել է նախ որպես ուսուցիչ և ապա, երկար տարիներ` դպրոցի տնօրեն: Պատահական չէ, որ նույն դպրոցում են աշխատում նաև Եր. Գասպարյանի 3 զավակները: Մանկավարժությունն, անշուշտ, նրանց արյան մեջ է:
Երվանգ Գասպարյանը վախճանվեց 1998թ: Բոլոր նրանք, ում բախտ է վիճակվել աշակերտել ընկեր Գասպարյանին, համոզված են, որ 74 տարվա երկրային կյանքը բավական չէր այնպիսի կենսասեր, կյանքով լեցուն, խոսքաշեն, կարդացած մարդու համար, ինչպիսին նա էր: Նրա աշակերտները ոչ միայն պատմության դասեր են քաղել ուսուցչից, այլև` մարդկայնության ու կյանքի բավիղներում ճիշտ կողմնորոշվելու, չարը բարուց զատելու դասեր: Ընկեր Գասպարյանը դեռ շատ բան ուներ այս կյանքին, դպրոցին ու մարդկանց տալու: Սակայն հիվանդությունն ու մահը հոգիների մեջ խտրականություն չեն դնում: Երվանդ Գասպարյանի անունն ընդմիշտ հյուսվել է Տափերականի դպրոցի պատմությանը: