ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Ինչպե՞ս են առաջացել ամենատարածված սնահավատությունները PDF Տպել Էլ.փոստ

Երբեւէ մտածե՞լ եք, թե մենք ինչու ենք այդքան վախենում մեր ճանապարհին դուրս եկած սեւ կատվից կամ էլ շունչներս պահած նայում կոտրված հայելուն: Իրականում նախանշանները հենց այնպես չեն առաջացել, եւ դրանցից ամեն մեկն ունի իր սեփական պատմությունն ու առասպելը:

Հովանոցը տան մեջ բացելը դժբախտության նշան է

Պատմաբանները ենթադրում են, որ այս սնահավատությունը ծնունդ է առել Անգլիայում` Վիկտորյա թագուհու կառավարման օրոք: Այն ժամանակ հովանոցը բացելու մեխանիզմն այնքան անհաջող էր, որ մետաղական շյուղերը եւ զսպանակները կարող էին պոկվել ու մարմնական կամ գույքային վնաս հասցնել: Ուստի խորհուրդ էր տրվում հովանոցը բացել միայն փողոցում:

Սանդուղքի տակից անցնելը դժբախտության նշան է

Հին Եգիպտոսում պատին հենած սանդուղքը ձեւավորում է եռանկյունի, որն ըստ եգիպտացիների սուրբ ձեւ էր: Եռանկյունին մարմնավորում էր աստվածների երրորդությունը, իսկ գնալ դրա տակով նշանակում էր պղծել սրբությունը:

Հայելու կոտրվելն անհաջողության նշան է

Հին Հունաստանում հայելային արտացոլման վերլուծման միջոցով կանխատեսում էին ապագան: Աղավաղված արտացոլում տեսնելը վատ նշան էր: Իսկ հռոմեացիները հավատում էին, որ կյանքը վերափոխվում է յուրաքանչյուր յոթ տարին մեկ: Կոտրված հայելին նշանակում էր, որ մարդու առողջական վիճակը կվատանա, եւ միայն յոթ տարի անց նա կկազդուրվի:

Աղի թափվելը վիճաբանության ու թշնամանքի նշան է

Որոշ մարդիկ կարծում են, որ եթե աղ ես թափել, ապա անհրաժեշտ է երեք պտղունց աղ շպրտել ձախ ուսի վրայից` տհաճություններից խուսափելու համար: Մոտ 3500 տարի մ.թ.ա. շումերներն առաջինն էին, ովքեր կիրառում էին այդ տարբերակը: Այդպես են վարվել նաեւ եգիպտացիները, ասորիները, իսկ ավելի ուշ` հույները:

Դռան վերեւում պայտ փակցնելը հաջողության նշան է

Միջնադարում մարդիկ համարում էին, որ վհուկները վախենում են ձիերից, ուստի ամեն բան, ինչը կապված էր ձիերի հետ, կվախեցներ նրանց: Այդ իսկ պատճառով մարդիկ սկսեցին կախել պայտեր, որպեսզի չար ուժերը չներխուժեն իրենց տուն:

13 թիվն անհաջողության նշան է

13 թվի հանդեպ վախը հիշատակված է դեռեւս նորվեգական դիցաբանության մեջ, երբ տասներկու աստվածները խնջույք են արել Վալհալայում: Այդ ժամանակ, որպես  տասներեքերորդը, հայտնվում է վեճերի ու չարության աստված Լոկին, որի պատճառով էլ սպանվում է աստվածների սիրելին` Վալդերը:

Ծննդյան տորթի վրա մոմեր դնելու ավանդույթ

Հին հույները եւս պատրաստում էին ծննդյան տորթեր: Նրանք այն նվիրաբերում էին լուսնի աստվածուհուն` Արտեմիսին: Տորթերի կլոր ձեւը խորհրդանշում էր Լուսինը, իսկ վառված մոմերը դրա լույսերը: Ինչպես նախկինում, այսօր էլ ծննդյան տորթի վրայի մոմերը հաջողություն են կանխորոշում: