ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Հայկական մեղրի ներկան ու ապագան PDF Տպել Էլ.փոստ
Ինչպես չխաբվել ու մեղրի փոխարեն չգնել շաքարի օշարակ

«Անարատ, մաքուր մեղր եմ վաճառում՝ շատ էժան գնով»։ Շատերս ենք ականատես ու մասնակից եղել նման զրույցի, երբ դռան առջեւ հայտնված կինը հորդորում է գնել իր «անարատ» ու «անմահական» մեղրը՝ շուկայականից շատ ավելի ցածր գնով, քանի որ «հիվանդանոցում հիվանդ ունի եւ մեղրը վաճառում է շատ էժան՝ հիվանդի համար գումար վաստակելու նպատակով»։ Թե որքանով են այս խոսքերը՝ հատկապես մեղրի անարատ լինելու մասին, համապատասխանում իրականությանը, յուրաքանչյուրս կարող ենք շատ արագ պարզել՝ դիմելով մի քանի՝ բավականին պարզ միջոցի։ Հիշելով դրանք՝ հեշտությամբ կարելի է համոզվել՝ մեզ առաջարկում են իսկական մեղր, թե ընդամենը շաքարի օշարակ։
Ամենահեշտ միջոցը, որով կարելի է պարզել մեղրի իսկական կամ կեղծ լինելը. մի կաթիլ մեղր պետք է կաթեցնել եղունգի վրա։ Եթե կաթիլը տարածվում է ու ծորում՝ ուրեմն դուք գործ ունեք ոչ իսկական մեղրի հետ։ Եթե կաթիլը մնում է ուռուցիկ եւ չի տարածվում՝ կարող եք վստահորեն գնել մեղրը։ Մյուս տարբերակի համար անհրաժեշտ է սովորական ասեղ. այն թաթախում ենք առաջարկվող մեղրի մեջ եւ բարձրացնում վեր։ Եթե մեղրը սկսում է ծորալ ու ծորը, կտրվելով, բարձրանում է դեպի ասեղի ծայրը, ուրեմն մեղրն անարատ է։ Եթե ծորն անընդմեջ է, ուրեմն ձեզ խաբում են։ Կա եւս մեկ պարզագույն տարբերակ. ուղղակի պետք է մեղրը լցնել որեւիցե տարայի մեջ։ Եթե լցվող մեղրը տարայի մեջ ալիքաձեւ է տարածվում՝ ուրեմն դա մեղր է, իսկ եթե բրգաձեւ՝ ապա դա շաքարի օշարակ է։ Կարելի է ստուգել նաեւ՝ կիրառելով լավաշի կտորներ, սակայն դրա համար անհրաժեշտ է ժամանակ։ Լավաշի կտորները մեղրի մեջ լցնելուց որոշ ժամանակ անց դրանք անհրաժեշտ է հանել։ Եթե լավաշը չորացել է, ապա մեղրն անարատ է, իսկ եթե մնացել է փափուկ, ապա դուք արդեն խաբվել եք՝ վճարելով շաքարի օշարակի համար։
Հաշվի առնելով, որ Հայաստանում մեղվաբուծությունն ունի լավ ավանդույթներ՝ լավ մեղր գտնելն այնքան էլ բարդ չէ. ընդամենն անհրաժեշտ է տեղեկացվածություն։ Վերջին տարիներին հանրապետությունում զգացվում են մեղվաբուծության բուռն զարգացման միտումներ, չնայած 1991թ. ագրարային բարեփոխումներից հետո հանրապետությունում մեղվաընտանիքների քանակը կտրուկ նվազել էր եւ հասել գրեթե 100 հազարի։ Այսօր, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, մեղվաընտանիքների քանակը գերազանցում է 300 հազարի սահմանագիծը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ու անասնաբուժության վարչության պետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ, այդուհանդերձ, փաստացի առկա օպերատիվ տվյալներով դրանք հասնում են ավելի քան 500 հազարի։
«Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավականին լավ նախադրյալներ, եւ դա հիմնականում պայմանավորված է Հայաստանում արտադրվող մեղրի բացառիկ համային ու որակական հատկանիշներով։ Ցավոք՝ Եվրամիության երկրներ արտահանելու համար մենք դեռեւս չունենք ԵՄ չափանիշներով զինված լաբորատորիա եւ ավելի մանրազնին փորձաքննության արդյունքներ առայժմ տալ չենք կարող. արդյունքում՝ չենք կարող մեր մեղրը ԵՄ արտահանել։ Սակայն անգամ եթե դա հնարավոր լիներ, մենք գնային առումով մրցունակ չենք ԵՄ շուկայի համար, քանի որ Թուրքիան ու Չինաստանը մեծ, նույնիսկ՝ անսահմանափակ քանակությամբ մեղր են առաջարկում ԵՄ—ին, ընդ որում՝ բավականին մատչելի գներով՝ 1 կգ—ն 1,5—2 եվրոյի սահմաններում։ Մինչդեռ մեզ մոտ մեղրի նվազագույն գինը 2500 դրամ է, սակայն լավորակ մեղրը վաճառվում է 3000—3500 դրամով եւ նույնիսկ ավելին»,– ասաց նա։
Սակայն հայկական մեղրը արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, արաբական երկրներ, քանի որ չափորոշիչներն այդ երկրներում այնքան էլ խիստ չեն։ Իհարկե, արտահանվող մեղրի քանակությունն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը մի քանի հարյուր կիլոգրամ կամ ընդամենը մի քանի տոննա։ Տարեկան Հայաստանում արտադրվում է 3,5—4 հազար տոննա մեղր, ինչը լիովին բավարար է մեր ներքին սպառման շուկան ծածկելու համար. «Հայկական մեղրի բարձր համային հատկանիշները պայմանավորված են բազմաբույսերից ստացված նեկտարի ու մեղրահումքի հանգամանքով, քանզի մեր երկիրը հարուստ է տարբեր տեսակի բուսականությամբ, եւ դա հնարավորություն է տալիս ստանալ լավագույն մեղր՝ հատկապես վայրի բույսերից, ինչն էլ իր հերթին պայմանավորում է մեր մեղրի բարձր որակական հատկանիշները։ Այս առումով շատ լավ մեղր է ստացվում Վայոց ձորի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, որտեղ բուսականությունը բավականին բազմազան է, եւ այնտեղ կան նաեւ «ալպյան» գոտիներ՝ առատ բուսականությամբ»։
Բացի բուն մեղրի արտադրությունից՝ Հայաստանը լավ հեռանկարներ ունի այլ մեղվամթերքների արտադրման ոլորտում, քանի որ նպաստավոր պայմաններ կան մեղվակաթ, ծաղկափոշի, ինչպես նաեւ՝ ակնամոմ (պրոպոլիս) ստանալու համար։ Վերջինս մեծ կիրառություն ունի դեղարտադրության մեջ։
Անդրադառնալով մեղվապահի եւ վերամշակողի միջեւ կապին՝ Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա չի դրված առանձին փուլերի՝ մեղրի հավաքման, մթերման ու վերամշակման գործընթացների միջեւ կապը։ «Փաստորեն այսօր մեր ներքին շուկայում հիմնական վերամշակողը հանդիսանում է «Մուլտի ագրո» ՍՊԸ—ն, որը հավաքագրում է տարբեր մեղվապահների մեղրը, վերամշակում, փաթեթավորում, պիտակավորում ու պատրաստում ե՛ւ ներքին շուկայի, ե՛ւ արտահանման համար։ Ըստ էության դա կատարում է միայն մեկ կազմակերպություն՝ քիչ ծավալներ ներգրավելով։ Իրականում մեղրի իրացման առումով ներքին շուկայում խնդիր չկա, բոլոր մեղվապահները կարողանում են իրենց մեղրը այս կամ այն կերպ իրացնել։ Ճիշտ է՝ լավագույն տարիներին, երբ շատ առատ մեղր է ստացվում, որոշակի խոչընդոտներ էին լինում իրացման առումով։ Սակայն մեղրը կարելի է շատ երկար պահել, այն չի փչանում, ինչը հնարավորություն է տալիս իրացնել այն ցանկացած ժամանակ»,–նշեց նա։
«Ձեռնտո՞ւ է, արդյոք, գյուղացու համար մեղվաբուծությամբ զբաղվելը»,–հարցին մասնագետը տվեց դրական պատասխան, սակայն՝ որոշակի վերապահումներով։ Այն քիչ ծախսատար է. մեկ կիլոգրամ մեղրի ինքնարժեքը, նույնիսկ վատագույն եղանակային պայմաններում, կազմում է 1700—1800 դրամ։ Սակայն այդ զբաղմունքը միաժամանակ շատ աշխատատար է, պահանջում է մասնագիտական գիտելիքներ ու փորձ. դա է պատճառը, որ մեղվապահությամբ ոչ բոլորն են զբաղվում։
Վերջին շրջանում Հայաստանում արտադրված բարձրորակ մթերքը, նախատեսված արտահանման համար, բրենդավորվում է որպես «հայկական»՝ այսպիսով ճանաչելի դարձնելով մեր երկիրը ողջ աշխարհում։ Հնարավոր է՝ միջազգային շուկայում մի օր հայտնվի նաեւ «Հայկական մեղր» բրենդը, սակայն դրա մասին, Ա. Հովհաննիսյանի խոսքով, հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ մեր երկրում լինի միջազգային չափորոշիչներին համապատասխան լաբորատորիա, իրականացվի մասնագիտական փորձաքննություն։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ներկայացնել հայկական մեղրը եվրոպական շուկայում. «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է, որպեսզի մեր մեղրն արտահանվի։ Դրա համար պարբերաբար ուսումնասիրվում են միջազգային շուկան, մեր ներքին հնարավորությունները, արտահանման հեռանկարները։ Օրինակ, արաբական երկրներում մեր մեղրն արդեն վաճառվում է «Հայկական մեղր» բրենդի ներքո»։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ