ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Խաղողօրհնեք PDF Տպել Էլ.փոստ

Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը։ Այս տարի տոնը նշվում է օգոստոսի 12-ին: Ավանդույթի համաձայն, այդ օրը մարդիկ եկեղեցի են տանում խաղողի առաջին բերքը։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո Աստվածամայրը, Իր Որդու պատգամին հնազանդ (Հովհ. ԺԹ 26-27), շուրջ 15 տարի ապրեց Հովհաննես Աստվածաբան առաքյալի խնամատարության ներքո:

Միածին Որդու համբարձումից հետո Աստվածամայրը օրեր ու գիշերներ հարատեւում էր պահքի ու աղոթքի մեջ: Հաճախ այցելում էր Տիրոջ թափուր գերեզմանը եւ ծնկաչոք աղոթում:

Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Նրա առջեւ հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը՝ արմավենու ճյուղը ձեռքին, ու ավետում սբ. Աստվածածնի՝ երկրային աշխարհից դեպի վերին Երուսաղեմ վերափոխվելու, ինչպես նաեւ դրա ժամանակի մասին: Վերադառնալով տուն՝ Աստվածածինն այդ մասին պատմում է Հովհաննեսին, իսկ հետո մյուս առաքյալներին ու ցույց տալիս Գաբրիել հրեշտակապետի կողմից տրված արմավենու ճյուղը, որից երկնային լույս էր տարածվում:

Այսպիսով, սբ. Կույսը, պատրաստվելով երկնային աշխարհ ճանապարհվելուն, պատվիրեց, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա այդ սենյակում պառկելով մահճին՝ մնաց միայնակ: Վերջապես լրացավ այն ժամը, երբ պետք է կատարվեր նրա՝ երկրից երկինք վերափոխումը:

Առաքյալները շրջապատել էին այն զարդարված մահիճը, ուր ընկողմանել էր Աստվածամայրը:

Հանկարծ շողաց չտեսնված մի լույս: Ներկաները սարսափեցին, երբ սենյակի վերջում ճառագայթների ներքո, հայտնվեց Հիսուս Քրիստոսը՝ հրեշտակների ու սրբերի ուղեկցությամբ:

Տեսնելով իր Որդուն՝ հրեշտակների զորքով շրջապատված, Աստվածամայրը թեթեւորեն բարձրացավ մահճից, խոնարհվեց Տիրոջը եւ հանգիստ, ասես քնի մեջ, հոգին ավանդեց իր Միածին Որդու ձեռքը:

Աստվածամոր երկրավոր կյանքի վախճանը «ննջում» եւ ոչ թե «մահ» բառով է որակվում՝ հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը:

Խաղողօրհնեք

Հին Ուխտում (Բ Օրենք ԻԶ 1-10) տարվա առաջին բերքը տարվում էր տաճար եւ ընծայվում Աստծուն: Ըստ օրենքի՝ դրանք ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղն էին եւ այլն:

Այդ նվիրատվության արարողությամբ մարդիկ իրենց երախտագիտությունն էին հայտնում Աստծուն:

Հայ Եկեղեցում Աստվածամոր Վերափոխման տոնակատարության օրը սբ. պատարագից անմիջապես հետո տեղի է ունենում խաղողօրհնեքի արարողություն:

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը եւ Խաղողօրհնեքը ծիսական տեսակետից իրար հետ որեւէ առնչություն չունեն. եղած կապը պարզապես եղանակի հարմարությունն է:

Խաղողօրհնեքի ընթացքում կարդացվում է սբ. Ներսես Շնորհալու աղոթքը:

Աղոթքում հիշատակվում է, որ Աստված ստեղծեց բուսականությունն ու ծառերը, ապա Ադամին ու Եվային պարգեւեց ամբողջ դրախտը, բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ երկիրը նրանց պատճառով անիծվեց: Սակայն Աստվածորդու աշխարհ գալով անեծքի կապանքը վերացավ, եւ մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից:

Իսկ թե ինչու՞ է հայոց մեջ օրհնվող պտուղը խաղողն ընտրվել, բացատրվում է նրանով, որ Նոր Կտակարանում Քրիստոսն Իրեն որթատունկին նմանեցրեց, եւ, բացի այդ, պտուղներից խաղողն էր, որ վերջին ընթրիքին գինու տեսքով ծառայեց Նրան՝ որպես Նրա սուրբ արյան խորհրդանիշ:

Խաղողօրհնեքը առհասարակ Աստծուց մարդուն պարգեւած բերքի՝ բոլոր տեսակի պտուղների օրհնությունն է: