ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Վետերան Բախշի Ասատրյանի հուշերից PDF Տպել Էլ.փոստ

Ծնվել եմ 1924թ, զորակոչվել եմ բանակ 1943թ. հունվարին: Ավարտել եմ 21-րդ տանկային ուսումնարանը Երևանում, ապա` Պյատիգորսկում: 1943թ. վերջում Նիժնի Տագիլից ստացել եմ Տ-34 տանկը: Որպես տանկի հրետանավոր(բաշնյոր) առաջին անգամ մասնակցել եմ մարտի Լենինգրադ քաղաքից հյուսիս` Կարելյան Պերեշեյկայում, Զաստավա հատվածից մինչև Մաներգեյմի գիծը:

1944թ. մարտի 10-ին մարտի ժամանակ մեր տանկը մոտիկից խփեցին Ֆաուստով: Տանկի մեջ վառվեց պատրոնը: Հրամանատարը ծանր վիրավորվեց, երկուսս վառվեցինք: Իմ այրվածքները երկրորդ կարգի էր, երեք ամիս բուժվեցի Լենինգրադ քաղաքում: Ապաքինվելուց հետո բաժանման պունկտից ինձ տարան Ուկրաինա, 5-րդ օդադեսանտային դիվիզիա, որպես հրետանավոր: Մասնակցեցի Կորսուն-Շևչենկոյի մոտ պաշարման մեջ ընկած գերմանացիների լիկվիդացմանը: Այնուհետև ազատագրեցինք Մոլդովայի Արգեյև քաղաքը և Քիշինև մայարաքաղաքը: Զորամասը հանվեց ռազմաճակատից և ուղարկվեց Լվովի մոտ` համալրման: Լվովից անցանք Սանդամիրի պլացդարմը: 1945թ. Հունվարի 10-ին շատ մեծ հրետանային պատրաստությունից հետո անցանք հարձակման: Մի քանի օր հետո իմ հակատանկային 85մմ-ոց հրանոթը շարքից դուրս եկավ: Ես ուսումնարանում սովորել էի նաև սանինստրուկտորի մասնագիտությունը: Վաշտում ինձ տվեցին, որպես սանինստրուկտոր:Չորս սանիտարի հետ միասին վիրավորներին մարտի դաշտից հանում և առաջին բուժօգնություն էինք ցույց տալիս: Հունվարի 18-20-ին արդեն հասել էինք Կրակովից հյուսիս գտնվող մի բարձունքի մոտ, որտեղ ուժեղ խրամատավորվել էին գերմանացիները: Մեզնից առաջ անցած շտրաֆնիկները ուժեղ մարտեր էին մղել, բայց գերմանացիներին չէին կարողացել տեղահան անել: Առավոտյան մարտի մեջ մտավ մեր հարվածային գումարտակը: Մարտը տևեց մինչև երեկո: Իմ սանիտարների օգնությամբ մարտի դաշտից մի առվակի մեջ տեղավորեցինք մոտ տասը վիրավոր, ոյդ թվում նաև վաշտի հրամանատարին: Երեկոյան կողմ օրը տաքացել էր, ձյունը հավվում էր, մեր հագուստը լրիվ ջուր էր դառել: Մի վիրավորի տեղափոխման ժամանակ(նրան դրել էինք պլաշ-պալատկայի վրա և փորսող քաշում էինք) իմ սանիտարական պայուսակը կորել էր, որի մեջ մի ֆլագա սպիրտ կար: Մեզ հետ էր նաև մեր սնայպերը: Մի կերպ հեռադիտակով գտանք, թե որտեղ է իմ սանիտարական պայուսակը: Գերմանացիները դեռ իրենց տեղում էին, դժվար էր մոտենալ պայուսակին: Մեր ետևում բարձունք էր, և ետ գնալ չէինք կարող: Տղաները առվի միջով սողացին մի 50մ դեպի ձախ, մի քարի տակից սկսեցին կրակել: Նրանք գրավեցին գերմանացիների ուշադրությունը, և այդ պահին մոտ 50 մետր սողացի և վերցրի պայուսակս և ետ սողացի: Այդ պայուսակի սպիրտը փրկեց մեզ և բոլոր վիրավորներին: Սպիրտը փոքր բաժակով բաժանեցինք բոլոր վիրավորներին, խմեցինք և մենք ու տաքացանք:

Մթնշաղին <<Կատյուշան>> հեռվից կրակ թափեց գերմանացիների դիրքերի վրա: Գերմանացիները փախան: Մենք էլ մեր վիրավորներին սահնակներով հասցրինք սան. մաս. հագուստներս փոխեցինք: Այդ ժամանակ մի ուրիշ զորամաս արդեն մարտի մեջ էր նետվել և հետապնդում էր գերմանացիներին: Այդ մարտի համար ինձ ներկայացրել էին << Կարմիր աստղ>> շքանշանի, իսկ Լենինգրադում ինձ պարգևատրել էին <<Արիության համար>> մեդալով:

Հունվարի 22-ին հասանք Օդեր: Սառած Օդերով անցանք, ստեղծեցինք պլացդարմ, որից հետո Կարպատներով անցանք Հունգարիա: Պատերազմը մեր զորամասը ավարտեց հունգարական Սեքիշվիրվար քաղաքում: Պատերազմից հետո մեր դիվիզիան տեղափոխվեց Ուկրաինա` Դեսնայի շրջան, որը մինչև վերջերս գործում էր որպես ուսումնական կենտրոն:

Մեր ճակատայիններով ամեն տարի հանդիպել ենք, թե Մոսկվայում, թե Դեսնայում ու Մոլդովայում, իսկ 1979թ. Այդ դիվիզիայի 5 հայ մասնակիցներս Հայաստանում հյուրընկալեցինք 100 ճակատային վետերանների, որոնց թվում էր լեգենդար հետախույզ Մարիա Ֆորտուսը:

Արարատի շրջանի և ագրոարդյունաբերական միավորման ղեկավարությունը ճոխընդունելություն կազմակերպեց1979թ. մայիսի 8-ին, որը նույնպես ցուցադրվեց հեռուստատեսությամբ:

Օգտվելով առիթից թույլ տվեք շնորհավորելու Մեծ Հայրենականի բոլոր մասնակիցներին, նաև Հայաստանի պաշտպաններին և ազատամարտիկներին, որոնք Շուշիում պարեցին մեր ավանդական քոչարին, որ պարել ենք մենք Բեռլինում:

Հավերժ փառք Մեծ Հայրենականում և Ղարաբաղյան մարտերում զոհված հայ քաջերին:

Ասատրյան Բախշի Խաչատուրի

2002թ.