ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Վարազդատ Խաչատրյան PDF Տպել Էլ.փոստ

Տափերականում դժվար թե գտնվի մի  մարդ, որի հոգում չեն ծվարել  սիրով լի նուրբ հուշեր` կապված երկար տարիներ ծանրամարտի մարզադպրոցը ղեկավարած մարզիչ Վարազդատ Խաչատրյանի հետ: Դպրոցի նրա աշակերտները, մարզադպրոցի բազմաթիվ սաները բազում ու բազում պատմություններ կպատմեն` ինչպես է իրենց կյանքի ուղեգիր շնորհել, իմաստուն խորհուրդներով օժտել ընկեր Խաչատրյանը:

Վարազդատ Գեդեոնի Խաչատրյանը ծնվել է 1931թ մայիսի 3-ին Արտաշատում:
1948-53թթ. սովորել է Կիրովի անվան սովխոզի  այգեգործական տեխնիկումում: 1955- 58թթ. ուսանել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում:  1958թ-ից աշխատել է դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, իսկ 1976թ-ից գյուղի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչն էր: 33 տարեկանում Վարազդատ Խաչատրյանը ստացավ Հայաստանի վաստակավոր մարզիչի կոչում: Մարզիչը տվել է միջազգային կարգի սպորտի վարպետներ, ՍՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոններ, Եվրոպայի պատանիների չեմպիոն  և մեդալակիրներ:

Բազմաթիվ սերունդների է կրթել ընկեր Խաչատրյանը: Ցավոք, այսօր անցյալ ժամանակով ենք խոսում Մարզիչի մասին, քանի որ այլևս չենք կարող վայելել նրան մեր կողքին ունենալու պատիվը, հոգեշահ խորհուրդներն ու սիրալիր հոգածությունը:

Տափերականի ողջ բնակչության, ինչպես նաև ողջ Արարատի մարզի մարզասերների ու մարզիկների կողմից հարգանք վայելող, սիրալիր ու խիստ նրբանկատ անձնավորությունը` Վարազդատ Խաչատրյանը,  իր վաղաժամ մահկանացուն կնքեց 2011թ. նոյեմբերի 3-ին: Թող հարյուրավոր սաների ու աշակերտների օրհնությունները ուղեկցեն Մարզչին երկնային կյանքում, ինչպես մեզ են ուղեկցում նրանից մնացած խրատներն ու ջերմ հուշերը: